ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Աշխարհն այսօր բախվել է նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող հիմնախնդիրների

Աշխարհն այսօր բախվել է նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող հիմնախնդիրների
03.04.2009 | 00:00

«ՍԱՏԱՆԱՆ ՄԻՇՏ ԷԼ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է»
Աշխարհի զարգացման հետագա միտումները, որոնք, կարծես, նախանշվեցին Լոնդոնում կայացած 20 առավել զարգացած երկրների գագաթաժողովում, դեռևս ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության քննարկման առարկա են լինելու։
Դժվար է կանխատեսել` «մեծ քսանյակի» երկրները կկարողանա՞ն կատարել հետագայում այսպիսի համաշխարհային ճգնաժամեր թույլ չտալու խոստումն ու ապահովել համաշխարհային տնտեսության զարգացման այնպիսի ծրագրի իրականացումը, որը կապահովեր բաց համաշխարհային էկոնոմիկայի առկայությունը` հենված շուկայական սկզբունքների, արդյունավետ պետական կարգավորման և գլոբալ միջազգային ինստիտուտների դերի ընդլայնման վրա։ Փաստ է միայն, որ աշխարհն այսօր բախվել է նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող հիմնախնդիրների, երբ միջազգային ինստիտուտների արմատական վերափոխման անհրաժեշտությունը փաստ է, և անհրաժեշտ է գլոբալ խաղի նոր կանոններ մշակել։ Ակնհայտ է նաև, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն բոլոր շահագրգիռ կողմերի կառուցողական և փոխադարձ հարգալից երկխոսության ճանապարհով։ Հավանաբար, նաև դրանով էր պայմանավորված, որ գագաթաժողովից անմիջապես առաջ տեղի ունեցան բազմաթիվ երկկողմ հանդիպումներ աշխարհի զարգացած երկրների առաջնորդների միջև։ Դրանց թվում, բնականաբար, առավել կարևորվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների երկար սպասված հանդիպումը, որին, հասկանալի պատճառներով, ոչ միայն այդ երկու երկրներում, այլև գուցե ողջ աշխարհում հետևում էին հատուկ ուշադրությամբ։
Արդյոք Լոնդոնում տեղի ունեցա՞վ ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաբեռնում», ինչի մասին այդքան շատ էր խոսվում վերջերս։ Անգլիական The Financial Times-ի կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերությունների շուրջ «սկիզբ առած «վերաբեռնման» մասին այդ ամբողջ աղմուկի հետևում իրականում առկա են ամերիկյան նոր վարչակազմի շատ սթափ ու պրագմատիկ մոտեցումները։ ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն ինքնանպատակ չեն, այլ ավելի շուտ գործիք են առաջնահերթ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը, Իրանն ու Աֆղանստանը»։ Համենայն դեպս, փաստ է, որ Օբամա-Մեդվեդև բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկն էլ դարձավ հենց պայմանավորվածությունը ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների կրճատման մասին։ Ինչպես և սպասվում էր, այս թեման յուրօրինակ փրկօղակի դեր կատարեց երկու նախագահների հանդիպման ժամանակ, ովքեր իրենց բանակցող խմբերին հանձնարարեցին անհապաղ աշխատանքներ սկսել ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի շուրջ։ Բացի այդ, Օբաման ու Մեդվեդևը կառավարություններին հանձնարարել են համատեղ քննարկումներ անցկացնել ու ավարտին հասցնել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը։ Եվ, առհասարակ, կարծես, որոշել են «ջերմ խոսքերից անցնել կոնկրետ գործերի ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման համար», ինչպես նշված էր նախագահների համատեղ հայտարարության մեջ։
Մեկ ժամ տևած հանդիպման մյուս ձեռքբերումների թվին կարելի է դասել ստորագրված հռչակագիրը և երկխոսությունը շարունակելու մասին հավաստիացումները։ Համաձայնեցվեց հարցերի այն ցանկը, որոնց շրջանակում էլ պետք է նախապատրաստվի ռուս-ամերիկյան բարձր մակարդակի գագաթաժողովը, երբ հուլիսին Բարաք Օբաման կայցելի Ռուսաստան։ Ինչպես հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը, կա պայմանավորվածություն` աշխատել հարաբերությունները «վերագործարկելու» ուղղությամբ։ Սրանից կարելի է հասկանալ, որ «վերագործարկումը» դեռևս ապագայի խնդիր է։
Չնայած Ռուսաստանի նախագահն ընդգծեց, որ ավելի շատ են այն հարցերը, որոնք միավորում են երկու կողմերին, քան որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Եվ իսկապես, ռազմավարական կայունության ապահովման, միջուկային զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, թվում է, կողմերն իսկապես հասել են փոխըմբռնման։ Բայց, ինչպես ասում են, «սատանան միշտ էլ մանրուքների մեջ է», իսկ «մանրուքների» առումով ամեն ինչ կարծես այնքան էլ հարթ չէ` դատելով երկու նախագահների փոխադարձ ժպիտներից։
Այսպիսով, Լոնդոնում արձանագրվեց նաև, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումներն էապես, եթե ոչ արմատապես, տարբերվում են 2008-ի օգոստոսի կովկասյան պատերազմի շարժառիթների և ընթացքի գնահատականներում։ Թեպետ Օբաման ու Մեդվեդևն ընդգծեցին, թե, այդքանով հանդերձ, անհրաժեշտ են համարում վեց կետից կազմված «Սարկոզիի նախագծի» մինչև վերջ իրագործումը, ինչպես նաև բանակցությունների շարունակությունը Ժնևի ձևաչափում այս հարցի շուրջ։ Պատրաստակամություն հայտնվեց նաև ընդլայնել ջանքերը «ներկայումս ստեղծված բարդ ու անկայուն իրավիճակի երկարատև ու խաղաղ կարգավորման համար»։ Սակայն ի՞նչ է թաքնված այս զուսպ դիվանագիտական ձևակերպումների հետևում։ Եթե հաշվի առնենք Սպիտակ տան բարձրաստիճան որոշ պաշտոնատարների ավելի կոնկրետ արտահայտություններն ու հայտարարությունները, որ տեղի ունեցան լոնդոնյան հանդիպման նախօրյակին, ապա հանդիպման լավատեսական խորապատկերի մեջ չտեղավորվող հանգամանքներ ևս կան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը նոր ստանձնած Ֆիլիպ Գորդոնը Օբամա-Մեդվեդև հանդիպումից առաջ մասնավորապես հայտարարեց. «Մենք պետք է հստակ ցույց տանք ռուսներին ու մեր եվրոպական դաշնակիցներին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների տոնն ու բովանդակությունը բարելավելու մեր ցանկությունը ոչ մի դեպքում չի կարելի համարել ազդանշան, թե մենք պատրաստ ենք հրաժարվելու մեր սկզբունքներից։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստվում է ակտիվորեն աշխատել մերձդնեստրյան և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք վճռականորեն աջակցում ենք եվրոպական բոլոր պետությունների անկախությանը` ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունները։ Մենք շարունակում ենք համարել, որ սուվերեն պետություններն ունեն իրավունք կայացնելու սեփական որոշումներ և ընտրելու այն դաշինքները, որոնց կազմում ցանկանում են գտնվել»։
Սա ակնհայտորեն նշանակում է, որ Ռուսաստանը, չնայած իր հավակնություններին, ԱՄՆ-ի նոր վարչակազմի կարծիքով, չի կարող ունենալ արտոնություններ այս կանոնից դուրս գտնվելու առումով։ Այսինքն` կարիք չկա սպասելու, որ ամերիկյան կողմից տեղի կունենա Ռուսաստանի «առաջնային շահերի գոտու» ճանաչում, նրա սահմանների մոտ գտնվող տարածաշրջանների առումով։ Ամերիկյան փորձագետների մեծամասնությունը դեռ հանդիպման նախօրեին կանխատեսում էր, թե Օբաման համոզիչ կերպով պետք է ապացուցի իր ռուս գործընկերոջը, թե Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն ազդեցության գոտիների վերականգնման նպատակով կարող են ունենալ լուրջ հետևանքներ։ ԱՄՆ-ի նոր նախագահն էլ, դատելով ամենից, պատրաստ չէ հանուն Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման զիջելու սկզբունքային հարցերում։ Վերջերս Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նա քննարկեց Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս կարգավիճակն ու ապագա ռազմավարությունը, իսկ հանդիպումից հետո հայտարարեց. «Իմ վարչակազմը որոնում է Ռուսաստանի հետ հարաբերություններում վերաբեռնաթափման կետեր կամ հնարավորություն։ Բայց, այդքանով հանդերձ, մենք անհրաժեշտ ենք համարում Եվրոպային հստակ ազդանշան տալ, որ չենք հրաժարվի այն հիմնարար սկզբունքից, որ այն երկրները, որոնք ձգտում են մտնել ՆԱՏՕ, պետք է ստանան դաշինքի անդամ դառնալու հնարավորություն»։
Ամերիկացիները նաև զգուշանում են այն հանգամանքից, որ Ռուսաստանի նախագահը հայտարարել է 2011-ից սկսած ռուսական բանակի վերազինման մասին` խոր տնտեսական ճգնաժամի խորապատկերի վրա։ Ռուսական կողմի համար շատ տհաճ ձևակերպումներ կան ԱՄՆ-ի Միացյալ հրամանատարության կողմից նախապատրաստված հատուկ զեկույցում, որը հրապարակվեց անցած շաբաթ։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Ռուսաստանի համար բնութագրական է այն, որ «նրա անցյալը ողբերգական է, իսկ ապագան` անորոշ»։ Ըստ զեկույցի, Ռուսաստանը շարունակում է ակտիվ, բայց բոլորովին էլ ոչ կառուցողական դերակատարություն ունենալ Սև և Բալթիկ ծովերի ավազաններում, ինչպես նաև Կովկասում։ «Դա այն ժամանակ, երբ Ռուսաստանի բազմաթիվ եվրոպական հարևանները գործնականում լիովին զինաթափված են։ Իսկ Ռուսաստանը սկսել է վերականգնել վերազինման և զանգվածային ռազմական շինարարության իր ծրագրերը»,- նշվում է զեկույցում։ Զեկույցի հեղինակները պնդում են, որ հեռանկարի առումով Ռուսաստանը կարող է վերականգնել իր «նախկին նահանգներում»` հետխորհրդային պետություններում, իր ազդեցությունը, որպես առիթ օգտագործելով ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանության գաղափարը։
Այն հանգամանքը, որ Ռուսաստանը կորցրել է գերտերության կարգավիճակը, և դրա պատճառով կարող է ստեղծվել հուսահատական ազգայնականության սինդրոմ, ինքնին լուրջ հակասություններ է ստեղծում ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ «ճակատում»։ Թեկուզ և Ռուսաստանի նախագահը պնդում է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները փչացան Բուշի վարչակազմի քայլերի ու հռչակած ծրագրերի պատճառով, և այդ ամենը պետք է վերացնել «ինչպես բանկերն են հաշիվներից մաքրում վնասակար ակտիվները», ակնհայտ է նաև, որ ռուսական կողմին կտրուկ առաջարկները, այդ թվում` համաշխարհային ռեզերվային նոր վալյուտայի հետ կապված, չէին կարող առանձնակի ջերմություն հաղորդել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե պատրաստ է ֆինանսական աշխարհին առաջարկել հեղափոխություն. «Պետք է մտածել այն մասին, որ ստեղծվի համաշխարհային վալյուտաների հավասարակշռված համակարգ, և այն մասին, թե ինչպես է այդ համակարգն աշխատելու հետագայում»։ Եվ սա այն դեպքում, երբ միայն անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանը մեծացրեց իր ներդրումներն ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի շուկայում` 32,7 մլրդից հասցնելով 116,4 մլրդի։ Անշուշտ, ԱՄՆ-ում անհանգիստ են այն խոսակցություններից, թե դոլարն իբրև համաշխարհային ռեզերվային վալյուտա սպառել է իրեն, և Բարաք Օբաման հատուկ հայտարարեց, որ նոր համաշխարհային վալյուտայի ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ ներդրողներն ամերիկյան տնտեսությունը, հետևաբար և ամերիկյան դրամը համարում են բավականաչափ ուժեղ իր նախկին դերակատարությունը պահպանելու համար։ Այսպիսով, «տնտեսական հեղափոխության» մասին Կրեմլի առաջարկները նույնպես ամերիկացիների սրտով չեն։ Մանավանդ որ բոլոր միջազգային ֆինանսական ինստիտուտների գնահատմամբ, տնտեսական ճգնաժամի հետևանքները Ռուսաստանում հինգ անգամ ավելի վատ են լինելու, քան «մեծ քսանյակի» մնացած պետություններում։ Համաշխարհային բանկի վերլուծաբանները, մասնավորապես, համարում են, որ նավթի գների տարվա կտրվածքով միջինից բարձր լինելու պայմաններում, երբ մեկ բարելն արժե ոչ պակաս, քան 45 դոլար, Ռուսաստանի տնտեսությունը 2009-ին 4,5 տոկոսով անկում կապրի, իսկ 2010-ին երկրի համախառն ներքին արդյունքի աճը կլինի զրոյական։
Սակայն, միաժամանակ, ժամանակավրեպ է դատողություններ անել, թե ճգնաժամը կստիպի Մոսկվային չափավորել հավակնությունները, քանզի նրան ավելի է պետք Վաշինգտոնի հետ տանելի հարաբերությունների հաստատումը։ Ավելին, Ռուսաստանն առայժմ մնում է և ցանկանում է մնալ անկանխատեսելի, նույնիսկ մտացածին վիրավորանքներին սուր արձագանքող երկիր` հակաամերիկանիզմը գաղափարախոսության մակարդակի բարձրացնելով։ Ռուսական փորձագետներն ու ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանին պետք են «բնական իրավիճակը» արձանագրելու համար։ Այսինքն, որ Ռուսաստանը տերություն է արտաքին աշխարհից և նրա նորմերից առավելագույնս քիչ կախվածությամբ, և որը շարունակելու է մետրոպոլիայի դեր կատարել իր հարևանների համար։ Բայց այս իրողությունը, բացի ռուսներից, նաև ուրիշ շատերն են հասկացել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ